ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Մարտի 27–ի գիշերը Սիրիայի Հալեպ քաղաքի ուղղությամբ ավիահարված են հասցրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով սիրիական հանրապետության պետական հեռուստաընկերությանը, որի տվյալներով` օդային գրոհն իրականացրել է Իսրայելը։
Հարվածը հասցվել է չորեքշաբթի տեղի ժամանակով ժամը 23։00–ին։
Աշխարհազորի ներկայացուցիչը հաղորդել է ՌԻԱ Նովոստիին, որ հարվածների է ենթարկվել Հալեպի քաղաքացիական օդանավակայանը, մոտակայքում գտնվող Ջիբրին բնակավայրը և Շեյխ Նաջար արդյունաբերական գոտին։
Գնդակոծության հետևանքով շենքեր են քանդվել, քաղաքում լույս չկա։ Իսրայելցի զինվորականներն առայժմ չեն հաստատել ավիագրոհի հետ առնչություն ունենալը։
Իսրայելի պաշտպանության բանակը բազմաթիվ անգամ հարված է հասցրել Սիրիայի օբյեկտներին։ Վերջին անգամ Իսրայելը Սիրիայի վրա է հարձակվել հունվարին։ Այդ ժամանակ նա թիրախավորել էր երկրի տարածքում գտնվող «Ալ Ղոդս» իրանական ստորաբաժանումներին, որոնք օգնում են կառավարական զորքերին պայքարել գրոհայինների դեմ։ Իսրայելն ու ԱՄՆ–ն պահանջում են, որ նրանք հեռանան երկրից։