ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը:
Նա նշել է, որ այսօր էլ դեռ իրականացվում են ցեղասպանություններ և պետք է պայքարել ատելության, այլատյացության և խտրականության դեմ:
«Դրանք հանգեցնում են հանցագործությունների և դեմ են մարդու իրավունքներին, արժանապատվությանը»,- ասել է Լիլիան Մորի Պասքիեն:
ԵԽԽՎ նախագահը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մարտի 26-ին։