ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-29-ը կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա: Այս մասին նշված է կառավարության e-gov.am հարթակում, որտեղ հրապարակվել է ՀՀ վարչապետի ՝ կառավարական պատվիրակությունն Ավստրիա գործուղելու մասին որոշումը:
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է կայանալ Վիեննայում մարտի 29–ին։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը ո՛չ հերքել էր և ո՛չ էլ հաստատել այդ տեղեկությունը։
Հիշեցնենք` վերջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են հունվարին Դավոսում։
Ավելի վաղ Թեհրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել էր, որ մտադիր է առաջիկայում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։