ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Կարևորելով ամենամյա հավաքների դերն ու նշանակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, արտաքին, այդ թվում՝ ռազմական բնույթի սպառնալիքները, տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում առկա և հավանական զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու հիմնական գրավականները: