Զինծառայողներն անմասն չեն մնացել այսօր տեղի ունեցած շաբաթօրյակից։ Այս մասին տեղեկանում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նրանք «Եռաբլուր» զինվորական պանթեոնի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և մայրաքաղաքի մի շարք պուրակների հարակից տարածքների բարեկարգման և ծառատնկման աշխատանքներին են մասնակցել:
Զինծառայողների հետ շաբաթօրյակին են մասնակցել նաև պաշտպանության նախարարության, զինված ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիչների, ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները։
Այսօր` մարտի 23-ին, Հայաստանում համապետական շաբաթօրյակ է անցկացվում, որին մասնակցում են նաև պաշտոնյաները։ Sputnik Արմենիան լուսանկարներ է ներկայացնում համապետական շաբաթօրյակից։
Մարտի 20-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել էր, որ համապետական շաբաթօրյակի ժամանակ 6 աղբանոցներ և 447 աղբակույտեր կփակվեն, կմաքրվեն մի շարք տարածքներ: Շաբաթօրյակին ակնկալվում է 125-150 000 քաղաքացու մասնակցություն։