ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 22-ին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանն այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին:
Այս մասին հայտնում են ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովից:
Ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Ա. Ղազարյանը հետաքրքրվել է նրա առողջական և բարոյահոգեբանական վիճակով: Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը Կարեն Ղազարյանի հորը պատմել է իր պահման պայմանների, իրեն տրամադրված պատշաճ բուժօգնության մասին՝ տեղեկացնելով, որ հայ բժիշկները հոգատար վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ:
Զրույցի ընթացքում Կ. Ղազարյանի հայրը Է. Հիբրագիմովին է պատմել Կարենի պատմությունը, ով նույն կերպ մեկ տարի առաջ մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի իրավազորության ներքո, սակայն ադրբեջանական իշխանությունների կողմից անարդարացիորեն դատապարտվել է ազատազրկման շինծու մեղադրանքների հիման վրա:
Կարեն Ղազարյանի հայրը Է. Հիբրագիմովին մաղթել է շուտափույթ ապաքինում։