ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովը գերեզմանատուն է գնացել` երգչուհի Յուլյա Նաչալովային հրաժեշտ տալու։
Երգիչը հազիվ է զսպել արցունքները. «Իսկական արև էր։ Ձմռանն էր ծնվել, ձմռան կեսին, բայց գարնանային անձնավորություն էր։ Անչափ անկեղծ, գեղեցիկ, բարի, նուրբ։ Նույնիսկ վատ պահերին միշտ ժպտում էր»,– ասել է նա։
Կիրկորովը խոստովանել է, որ չի իմացել Յուլյայի հիվանդության մասին։ Նրա խոսքով` Յուլյան քաջաբար թաքցրել է հիվանդությունը և երբեք չի խոսել դրա մասին։ «Այնքան անսպասելի էր, բոլորի համար էր մեծ ցնցում։ Այդ թվում` ինձ համար։ Կներեք, շատ դժվար է խոսել», – ասել է նա։
Երգիչն ասել է, որ հաճախ չի շփվել Յուլյայի հետ, բայց բոլորը հանդիպումները միշտ դրական մթնոլորտում են եղել. նրա դեմքին միշտ ժպիտ է շողացել, և Յուլյային երբեք վատ տրամադրությամբ չի տեսել։
«Սարսափելի է, շատ սարսափելի, երբ ծնողը թաղում է երեխային։ Կյանքում ուրիշ ի՞նչը կարող է ավելի սարսափելի լինել։ Իսկ երբ դա երիտասարդ, գեղեցիկ, տաղանդավոր կին է, որն ինքն էլ դուստր ունի, դժբախտություն է, ցավ, գլխումս չի տեղավորվում։ Ողբերգություն է, սարսափելի դժբախտություն այս գեղեցիկ ստեղծագործ ընտանիքի համար», ասել է Կիրկորովը։
Հիշեցնենք` երգչուհու մահվան լուրն իմանալուց հետո Կիրկորովը գրառում էր արել Instagram–ում։ «Ցավալի է։ Անարդար է։ Վաղ է։ Ինչու՞ է աստված հենց այդպիսիններին այդքան շուտ տանում, մի՞թե այնտեղ հրեշտակների պակաս կա։ Բարով մնաս, Յուլյա անունով հրեշտակ»։
Յուլյա Նաչալովան կյանքից հեռացել է մարտի 16-ին։ 38 տարեկան երգչուհին մահացել է սրտի անբավարարվածությունից, ինչը թոքերի և ուղեղի այտուցի հետևանք էր։ Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով` մահը վրա է հասել հետվիրահատական բարդություններից հետո։