ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին հետմահու շնորհվել է BraVo մրցանակը` համաշխարհային մշակույթում ունեցած ավանդի համար։
Միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի Կրեմլյան Պետական պալատում մարտի 21-ին։
«Արձանը կհանձնվի Շառլ Ազնավուրի ընտանիքին», – ասաց մրցանակաբաշխությունը վարող երգիչ Ֆիլիպ Կիրկորովը։
Նա նշել է, որ այս մրցանակը հարգանքի տուրք է անզուգական մաեստրոյի լուսավոր հիշատակին։
Դրանից հետո բեմ դուրս եկավ հայտնի երգչուհի Թամարա Գվերդծիթելին և մեծ շանսոնյեի երգացանկից երգ կատարեց։
Միջոցառմանը ներկա էին ռուսական էստրադայի աստղեր, մասնավորապես` Նիկոլայ Բասկովը և Դիմա Բիլանը։ Միջոցառմանը ներկա էին նաև հրավիրված հյուրեր` արտասահմանյան աստղեր` Մայքլ Բոլթոնն ու Քրիս դե Բուրգը։
Ներկա պահին հայտնի է, որ տարվա երգչուհի է հայտարարվել Պոլինա Գագարինան։
Նշենք, որ Գագարինան մրցանակաբաշխությանը ներկա չէր։
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում Ֆրանսիայի հարավում գտնվող իր առանձնատանը։
Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում, արտիստների ընտանիքում, նրա ծնողները կարողացել էին փրկվել 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից։
Ընտանիքը, այդ թվում ավագ քուրը` Աիդան, մտադիր էր ԱՄՆ մեկնել, սակայն նրանց այդպես էլ վիզա չտրամադրեցին, արդյունքում նրանք մնացին Ֆրանսիայում։ Շառլ Ազնավուրը երեք անգամ ամուսնացած է եղել, ունի 6 երեխա։
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն BraVo մրցանակաբաշխության պաշտոնական տեղեկատվական հովանավորն է, իսկ Sputnik լրատվական գործակալությունը միջազգային տեղեկատվական գործընկերը։