ԵՐԵՎԱՆ, 17 մարտի –Sputnik. Փարիզում կրկին անկարգությունների ալիք է բարձրացել։ «Դեղին բաճկոնները» քարուքանդ են արել հայտնի Le Fouquet's ռեստորանը։ Այս մասին գրում է Figaro ֆրանսիական պարբերականը։
Ռեստորանի վրա դյուրավառ խառնուրդով շշեր են նետել։ Պատուհանների վրա տեղադրված պաշտպանիչ պանելները չեն օգնել, և ծածկապատշգամբն ամբողջությամբ այրվել է։ Ռեստորանից բացի ցուցարարները թալանել են Ելիսեյան դաշտերում գտնվող մի քանի էլիտար խանութներ։
Այս ռեստորանը ներառված է Փարիզի պատմական հուշարձանների ցանկում։ ԶԼՄ–ների տվյալներով` ռեստորանը ֆրանսիական էլիտայի սիրված անկյուններից է։ Այստեղ հաճախ էին այցելում հայտնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը և երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին։
Բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են անցած տարվա նոյեմբերի 17-ին, ցուցարարները պահանջում են չբարձրացնել բենզինի հարկերը։ Այդ օրը ամբողջ Ֆրանսիայում ավելի քան 280 հազար ցուցարար էր փողոց դուրս եկել։