ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Այսօր՝ մարտի 12-ին, ժամը 11։00-ի սահմանում ոստիկանության կենտրոնականի բաժինն ահազանգ է ստացել, որ Մաշտոցի 10 շենքի բակում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Արտավազդ Սիմոնյանն է, մասնագիտությամբ` շինարար։
Նա իր գործընկերների հետ նշված շենքի 3-րդ հարկում բնակարանի վերանորոգման աշխատանքներ է կատարել, երբ ընկել է պատուհանից։
Ըստ կայքի` մահացածի աշխատանքային ընկերները պատմել են, որ տղամարդն առավոտյան ասել է, թե վատ է զգում իրեն։ Ընկերները հորդորել են, որ տուն, գնա, բայց նա շարունակել է աշխատել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։