ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նա տեղեկացրեց, որ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում)։
«Արամ Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»,–ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Դանիելյանին ձերբակալել էին 2019-ի փետրվարի 26-ին` պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով։
Դանիելյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել դեռ 2018–ի սեպտեմբերին։
Մարտի 1-ին հայտնի դարձավ, որ նրան ազատ են արձակել, երբ վճարել է համայնքին պատճառած վնասի մի մասը (102 մլն դրամ)։