ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Իրանի նախագահի կայքի անգլերեն էջում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, որը մարտի 9-ին հանդիպել է Հասան Ռոհանիին, ներկայացվել է որպես նոր դեսպան։ Մամուլի ծառայության սխալի մասին հաղորդում է haqqin.az-ը։
Իրանի նախագահի կայքի անգլերեն էջում հայտնված պաշտոնական հաղորդագրությունում ասվել է, որ նախագահը «ընդունել է Ադրբեջանի նոր դեսպանի հավատարմագրերը», «Թեհրանում Ադրբեջանի նոր դեսպան Էլմար Մամեդյարովը նույնպես հավատարմագրեր է հանձնել նախագահ Ռոհանիին»։
Ադրբեջանական կայքում հրապարակվել է սկզբնական տարբերակի սքրինշոթը։ Նշենք, որ ավելի ուշ սխալն ուղղվել է, հիմա ԻԻՀ նախագահի կայքում Մամեդյարովը նշված է որպես Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար։