ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թվիթերյան պաշտոնական էջում արևմտահայերեն գրառում է հրապարակվել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ։
«Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտանիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն»,– նշված է նրա գրառման մեջ։
Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտնիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն։
— Recep Tayyip Erdoğan (@RT_Erdogan) 8 марта 2019 г.
Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը երեկ` մարտի 8-ին, զանգահարել էր Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և ցավակցել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի կապակցությամբ:
Հիշեցնենք`Մութաֆյանը մահացել է երեկ` մարտի 8–ին: 63 տարեկան արքեպիսկոպոսը 2008 թվականից կորցրել էր հիշողությունը և տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Մեսրոպ Մութաֆյանի մոտ Ալցհեյմերի հիվանդություն էին ախտորոշել։ Նա մոտ 11 տարի է կոմայի մեջ էր։
Նշենք, որ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել, ըստ որի` մարտի 10-ին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում, Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի հոգեհանգստյան կարգ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար: Նույն օրը հոգեհանգստյան արարողություններ կկատարվեն նաև թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում: