Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա
Հայաստանի կառավարությունում, որի անդամների մեծամասնությունը տղամարդիկ են, կանայք իրենց ճնշված չեն զգում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Նրա խոսքով` կառավարությունում աշխատելը դժվար է այն կանանց համար, ովքեր աշխատանքային պարտավորություններից զատ նաև ընտանեկան պարտականություններ ունեն։
«Սա մաքսիմալ էներգիա է պահանջում, մաքսիմալ ներդրում և այն մի փոքրիկ ժամանակը, որ մնում է տանն անցկացնելու համար, շատ քիչ է, որպեսզի կինը կարողանա երեխաներին, ամուսնուն պատշաճ ուշադրություն հատկացնել»,– ասում է Նազենի Ղարիբյանը` հավելելով, որ հաճախ է մտածում, որ եթե երեխաները դեռ փոքր լինեին, չէր կարողանա այս չափով նվիրվել աշխատանքին։
«Մեր ավանդական ընտանիքներում, երբ տղամարդիկ աշխատանքից տուն են գնում, հանգստանում են, հեռուստացույց են նայում ։ Բայց, երբ կանայք են տուն գնում, սկսվում է երկրորդ աշխատանքը` ճաշը, սեղանը, ամանները, երեխաները և այլն։ Կինը նաև շաբաթ–կիրակի չունի, որովհետև տանն էլի աշխատում է»,– ասում է Ղարիբյանը։
Իսկ շատ աշխատող կինը, Նազենի Ղարիբյանի դիտարկմամբ, շուտ է մաշվում, շուտ ծերանում ու նաև` շուտ հեռանում կյանքից։
Մարտի 8-ը Նազենի Ղարիբյանը չի սիրում, բայց ընդունում է, որպես կանանց իրավունքների պաշտպանության օր, հատկապես որ Հայաստանում, նրա համոզմամբ, կանայք պաշտպանության կարիք ունեն և պետք է իրենց իրավունքների մասին բարձրաձայնեն ոչ թե տարվա մեջ միայն մեկ օր կամ մեկ ամիս, այլ իր ամենօրյա պայքարով։
«Կանայք ոչ թե պիտի նստեն ու սպասեն, որ իրենց ինչ-որ իրավունքներ տրվեն, այլ պիտի պայքարեն իրենց իրավունքների համար»,– ասում է Ղարիբյանն ու հավելում, որ ինքն այդպես է վարվում, ընդ որում` ոչ միայն իր, այլև իրեն շրջապատող բոլոր կանանց համար։
«Դա կարող է լինել իմ հարազատ ընկերների տանը։ Կատակով ասեմ` կինդ ճաշ է եփում, դու էլ ամանները լվա»,– պատմում է մշակույթի կին փոխնախարարը` հավելելով, որ կատակով է ասում, որ տղամարդիկ չնեղանան, բայց իրականում վստահ է` կինը պիտի երջանիկ լինի, որ կարողանա երջանկացնել ամուսնուն ու երեխաներին։
Իսկ երջանիկ է այն կինը, ով ունի հանգստի, աշխատանքի, ուսման իրավունք։
Ու չնայած բոլոր դժվարություններին, հայ կանայք, Նազենի Ղարիբյանի, համոզմամբ հերոս են։
«Թող տղամարդիկ չնեղանան, բայց 90- ականներին մեր երկիրը հայ կանայք պահել են իրենց ուսերի վրա»,– ասում է նա` համոզված, որ այդ հարցում հայ տղամարդիկ էլ նույն կարծիքին են։
Որպես կին ղեկավար, Նազենի Ղարիբյանը վստահեցնում է, որ իր ենթակաների միջև սեռային տարբերակում չի դնում։ Բայց մի փոքր մտածելուց հետո ավելացնում է` կանանց համերաշխությունը գործում է նաև աշխատավայրում, «երբեք թույլ չեմ տա, որ նրանց ինչ-որ մեկը նեղացնի»։
Մշակույթի նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Նազենի Ղարիբյանը 53 տարեկան է։ Ամուսնացած է, երկու դուստրերի մայր։ Զավակները 18 և 32 տարեկան են, առայժմ չամուսնացած։