ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` երեքամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
2019 թվականի մարտի 4-ին Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ սրտի կանգնով Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 2015 թվականին ծնված աղջիկ երեխա, Երևանի բնակիչ:
Նախնական տվյալներով՝ նույնը օրը 3-ամյա երեխան մանկապարտեզում ճաշից հետո պառկել է քնելու, մի քանի րոպե անց սկսել է խռխռալ։ Երբ դաստիարակը մոտեցել է նրան, նկատել է փսխած զանգված, իսկ երեխան նրա կանչին չի արձագանքել:
Sputnik Արմենիայի տվյալներով, դաստիրակները զանգել են Շտապօգնության ծառայություն, ապա երեխայի հորը, որը մասնագիտությամբ բժիշկ է։ «Արաբկիր» ԲԿ–ի բժիշկները ժամեր շարունակ պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն ապարդյուն։ 23։30–ին ահազանգ է ստացվել, որ երեխան մահացել է։
Մահացած երեխան` Մարիան, տան երրորդ զավակն է։ Նրա ավագ քույր ու եղբայրը ևս հաճախել են նույն` համար 153 մանկապարտեզը։
Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 5-ին Դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: