ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին կմասնակցեն Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Acer-ի հիմնադիր Սթեն Շին: Այս մասին նշված է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։
«Մենք քննարկելու ենք ՏՏ ոլորտի զարգացման ապագա հինգ տարիների տեսլականը: Խելացի քաղաքի լուծումներ տարբեր երկրների օրինակով, կիբեռանվտանգություն, և այն բոլոր ՏՏ ուղղվածությունները, որոնք այսօր թրենդային են, օրինակ` կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում: Քննարկումների շրջանակը բավական լայն է լինելու, և ժամանելու են ոլորտի ամենահայտնի մասնագետներ»,- նշել է համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանը ( Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ):
Համաժողովին մասնակցության բանավոր համաձայնություններ են ստացվել Amazon-ի, Google-ի, Facebook-ի ղեկավարներից:
WCIT 2019 համաժողովի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը»։
Հիշեցնենք` Ալեքսիս Օհանյանը Հայաստան էր եկել անցած տարվա հունիսին։