ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ Տիգրան Ավինյանը հանդիպել է չինական «ԱՎԻԿ» հոլդինգի ներկայացուցիչների հետ ու քննարկել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման հարցում այդ ընկերության ներգրավվածության հարցը: Հրապարակված լուսանկարներում երեւում է նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Մեր տեղեկություններով՝ Բագրատյանը խորհրդատվական ծառայություններ է մատուցում չինական ընկերությանը և այդ հանդիպմանը մասնակցել է որպես այդ ընկերության ներկայացուցիչ»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ընդունել է չինական«ԱՎԻԿ» հոլդինգի պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ:
«Սին Մենը ներկայացրել է ճանապարհաշինության և ենթակառուցվածքներինախագծման ոլորտում հոլդինգի գործունեությունը, ինչպես նաև հետաքրքրության ոլորտները Հայաստանում:
Քննարկել ենք Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման հետ կապված հարցեր: Նշել եմ, որ Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացումը մնում է Հայաստանիկառավարության առաջնահերթությունների թվում»,–գրել է Ավինյանը:
Փոխվարչապետը տեղեկացրել է, որ պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները վերոնշյալ հարցի շուրջ և ուսումնասիրել համագործակցությանհնարավորությունները: