ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն ուսանողներին հնարավորություն կտան ամսական կտրվածքով վճարել ուսման վարձը։ Այսօր համապատասխան օրինագիծն ԱԺ–ում ընդունվեց առաջին ընթերցմամբ։
«Կրթության մասին» օրենքում շտկումները ենթադրում են, որ ուսանողները և նրանց ընտանիքները կարող են ամիս առ ամիս վճարել ուսման համար, այլ ոչ թե միանվագ կամ կես տարին մեկ։
«Պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի կրթությունը մեր երկրում մատչելի լինի։ Դա կարևորագույն հարց է։ Առանց կիրթ, պատրաստված քաղաքացու երկիրը և ժողովուրդն ապագա չունեն», – երեկ օրինագիծը ներկայացնելու ընթացքում ասաց դրա նախաձեռնողներից մեկը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Նրա խոսքով` առկա բարդ պայմաններում կան հասարակ մեխանիզմներ, որոնք օգնում են մի քիչ թեթևացնել ֆինանսական բեռն ուսանողների և նրանց ընտանիքների համար։
Նրա խոսքով` ուսանողներից ստացվել են հարյուրավոր նամակներ, հաղորդագրություններ ուսման վարձը մաս–մաս վճարելու հնարավորություն ապահովելու մասին։
«Կարող է թվալ, որ սա մեխանիկական փոփոխություն է, որը մեծ նշանակություն չունի։ Բայց դահլիճում կան ուսանողներ, որոնց հետ բուհերը խզել են պայմանագրերն այդ մեխանիզմի բացակայության պատճառով», – ասաց Ուրիխանյանը։
Նրա խոսքով` հիմա ամիս առ ամիս վճարելու համար ուսանողը պետք է դիմի ռեկտորատ, և երաշխիքներ չկան, որ նրա խնդրանքը կբավարարվի։
Խորհրդարանականը նշեց, որ ուսանողների համար ավելի հեշտ է ուսման համար վճարել 12 ամիսների ընթացքում` ընդհանուր վարձը բաժանելով ամսական վճարումների։