ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին են այսօր անդրադարձել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն ու Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինիը:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից, Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Սերգեյ Կոպիրկինին։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը երկու երկրների միջպետական հարաբերությունների համատեքստում ընդգծել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության դերը՝ հավաստիացնելով, որ ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն իր համանախագահությամբ կշարունակի արդյունավետ աշխատանքը:
Բարեկամ ժողովուրդների հարաբերությունների առավել խորացման հարցում ԱԺ փոխնախագահը կարևորել է դեսպանի գործուն մասնակցությունն ու աջակցությունը՝ համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:
Ալեն Սիմոնյանն իր մտահոգությունն է հայտնել ռուսաստանցի որոշ գործընկերների՝ փետրվարի 26-ին Բաքվում կազմակերպված հակահայկական միջոցառման մասնակցության առնչությամբ:
Ռուս-հայկական քաղաքական օրակարգի առաջմղման գործում կողմերն ընդգծել են միջխորհրդարանական հարաբերությունների առկա մակարդակի կարևորությունը և առաջիկայում հանդիպումներն ու քննարկումները հաճախակի դարձնելու պայմանավորվածություն ձեռք բերել:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին այսօր ընդունել է նաև ՀՀ ԱԺ մյուս փոխխոսնակ Լենա Նազարյանը։
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը կարևորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում փոխգործակցության խորացումից:
ԱԺ փոխնախագահը հետաքրքրվել է դեսպանատան կողմից կազմակերպվող միջոցառումների եւ իրականացվող ծրագրերի վերաբերյալ, ինչին ի պատասխան Սերգեյ Կոպիրկինը պատմել է առաջիկայում իրականացվելիք բազմաբնույթ միջոցառումների մասին: