ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, խնդրում է չնյարդայնանալ իր բրյուսելյան այցի վերաբերյալ հրապարակումներից։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Բրյուսելի փողոցում քայլելիս ես ու Մարիամը դեմ դիմաց հանդիպեցինք Հայաստանի պատվիրակության կազմում Բելգիա ժամանած լրագրողների խմբին: Նրանցից որևէ մեկը չհարցրեց՝ ինչու ենք եկել Բրյուսել եւ ում հաշվին, ինչպես և ինչ ենք արել օրվա ընթացքում և ում հաշվին: Հիմա տեսնում եմ, որ Երևանում երկու լրատվամիջոց, որոնք լրագրող չունեն Բրյուսելում, պատերազմում են, թե ով ում «հորինվածքի» հեղինակային իրավունքը պետք է հարգեր: Ունենք 7 հայկական լրատվամիջոցի լրագրող Բրյուսելում, և երկու նյութ՝ հորինված Երևանում: Սա մի թեմա է, որի մասին առաջիկայում անպայման կխոսենք»,– գրել է նա:
Հակոբյանը կարծում է, որ մինչ այդ իր ու Մարիամի ծախսած գումարները կհասնեն 100 հազարավոր դոլարների։
«Հայկական դիվանագիտական թիմը կաթվածահար կլինի մեզ ուղեկցելով, պետբյուջեում ճեղք կառաջանա մեր քմահաճույքների բերումով և այս ամենը գաղտնի կպահվի հայ հանրությունից, բայց դա կարևոր չէ»,– ավելացրել է նա:
Վարչապետի կինը բոլորին խնդրում է այդ լուրերից չնյարդայնանալ, համբերատար գտնվել, որովհետև սա շատ ավելի լուրջ թեմա է, քան կարող է թվալ։ Նա խոստանում է անպայման անդրադառնալ դրան:
Նշենք, որ այսօր «Հրապարկ» օրաթերթը գրել է, թե ըստ իր աղբյուրների` ամբողջ դիվանագիտական կորպուսը երեկ լծված է եղել Աննա Հակոբյանին և աղջկան՝ Մարիամ Փաշինյանին զվարճացնելու գործին։ «Նրանց տարել են ռեստորաններ, բրենդային խանութներ։ Դիվանագետներին հրահանգված է եղել, որ Աննայի և դստեր այցը գաղտնի պահեն, նրանց պահել են Փաշինյանի հետ մեկնած լրագրողների աչքից հեռու։ Սակայն դիվանագետներն անհանգիստ են եղել՝ համայնքի աչքից այցը թաքցնելը չէր հաջողվի»,– գրել էր թերթը։