ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Մոսկվայում 88 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ռուս գրող, հրապարակախոս և կինոդրամատուրգ Կիմ Բակշին, գրված է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
Կիմ Բակշին իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի մշակույթի և պատմության ուսումնասիրմանը։
Կիմ Նաումի Բակշին ծնվել է 1931 թվականին Մոսկվայում, ազգությամբ բաշկիր ռուսաստանցի գրող է և կինոդրամատուրգ, ինչպես նաև հայագետ։ Հայագիտությամբ է զբաղվել 1964 թվականից։ Հայաստանի մասին 6 գրքի հեղինակ է, Մատենադարանի մասին ֆիլմի համահեղինակ։
2011 թվականին անվանի գրող, հրապարակախոս, կինոդրամատուրգ, ականավոր լրագրող, հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշին արժանացել էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) «Մանկավարժական համալսարան» մեդալի:
Նրա գրչին են պատկանում Հայաստանի պատմության ու ավանդույթներին նվիրված «Արծիվն ու սուրը», «Ճակատագիրն ու քարը», «Մեր աշխարհը նման է անիվի», «Մենաստանից` սիրո մասին» և բազմաթիվ այլ գրքեր ու հրապարակումներ: Հատկապես հայտնի է նրա և Հովիկ Հախվերդյանի «Մատենադարան» ֆիլմաշարը, որը յուրօրինակ հանրագիտարան է Հայաստանի և հայերի մասին: