ԵՐԵՎԱՆ, 5 մատի – Sputnik. Աստանայում մեկնարկած շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 4-0 հաշվով հաղթանակ տոնեց Եգիպտոսի կանանց հավաքականի նկատմամբ:
Մեր ընտրանու կազմում հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը:
Մեր հավաքականի առաջատար գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Եգիպտոսի հետ մրցամարտին չմասնակցեց, սակայն դա չխանգարեց Հայաստանի թիմին վերելքով անցկացնել հանդիպումը չորս խաղատախտակների վրա: Առաջին խաղատախտակի վրա Լիլիթ Մկրտչյանը առավելության հասավ Շահենդա Վաֆայի նկատմամբ:
Մյուս խաղատախտակների վրա էլ հայ շախմատիստուհիների առավելությունը բերեց վերջնական՝ չոր հաշվով հաղթանակի: Երկրորդ խաղատախտակի վրա Աննա Սարգսյանը պարտության մատնեց Շհրոկ Վաֆային, երրորդի վրա Մարիա Գևորգյանը իր առավելությունը դրսևորեց Այահ Մոյատազի նկատմամբ, իսկ վերջնական ու ջախջախիչ հաղթանակը ապահովեց Սիրանույշ Ղուկասյանը, որն ուժեղ էր Էման Էլանսարիից:
Երկրորդ տուրում վաղը մեր հավաքականը մրցելու է անհամեմատ ուժեղ՝ Ռուսաստանի քառյակի դեմ: Ամենայն հավանականությամբ մեր հավաքականի կազմում առաջին խաղատախտակի մոտ տեղ կզբաղեցնի Էլինա Դանիելյանը:
Ռուսներն առաջին տուրում 3:1 հաշվով պարտության են մատնել Ղազախստանի հավաքականին:
Աշխարհի առաջնությունը մեկնարկել է այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում և կտևի մինչև ամսի 15-ը: