ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վրդովվել է, երբ նրան հարցրել են 2008 թվականի մարտի 1–ի իրադարձությունների հետ կապ ունենալ–չունենալու մասին։
2008 թվականին ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, օրերով հանրահավաքներ էր անցկացնում` բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Բողոքի երկարատև ակցիաները մարտի 1–2–ին վերաճեցին բախումների, որի արդյունքում 10 մարդ մահացավ, 230 մարդ վիրավորում ստացավ։
Այսօր ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը Գագիկ Ծառուկյանին հարցրել է` արդյո՞ք նրան հարցաքննել են «Մարտի1–ի» գործի շրջանակում։
«Ինչի՞ համար պետք է հարցաքննեն։ Ուրեմն` բանակ, МВД այնտեղ կանգնած Ծառուկյանին պետք է հարցաքննե՞ն։ Անհարմար է, ես ձեր տեղը ամաչում եմ։ Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա», – ասել է կուսակցության առաջնորդը։
Ծառուկյանն ավելացրել է, որ նման հարցերը շանտաժ է համարում։
Մեկ այլ լրագրող հիշեցրել է, որ 2008թ.–ի մարտի իրադարձությունների ժամանակ նրա կուսակցությունն իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիայի կազմում էր ու այդ պատճառով պատասխանատու է իշխանության որոշումների համար։ Ծառուկյանն ասել է, որ նրանցից ոչինչ կախված չէր։
Նշենք, որ 2018 թվականի հուլիսին «Մարտի 1–ի» գործը վերաբացվել է։ Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է ներկայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին (կալանավորված է), պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին (հետախուզման մեջ է), ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ ու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին (ազատվել է չմեկնելու մասին ստորագրությամբ), ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին (ազատ է արձակվել գրավի դիմաց)։ Մարտի գործի շրջանակում արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով մեղադրանք է ներկայացվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, նրան ազատ են արձակել չհեռանալու մասին ստորագրությամբ։