ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ` Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության այսօր առավոտյան Թեհրանից մեկնել է Սպահան:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Նիկոլ Փաշինյանը Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզայիի ուղեկցությամբ այցելել է Նաղշ-Է Ջահան հրապարակ, որը համարվում է քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ տեղակայված են հոգևոր և մշակութային տարբեր կառույցներ:
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը եղել են «Իմամի», «Շեյխ Լոթֆոլլահ» մզկիթներում, «Ալի Քապու» պալատում և «Քեսարիեհ Բազարի»-ում: Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են իրանական հոգևոր և մշակութային կառույցների պատմությանը:
Նիկոլ Փաշինյանն Աբբաս Ռեզայիի հետ աշխատանքային ճաշի ընթացքում կարևորել է Իրանի նահանգների և Հայաստանի մարզերի միջև համագործակցությունը, ինչին հատկապես կնպաստեն փոխադարձ այցելությունները, բարեկամական կապերի ստեղծումը, գործնական քայլերի իրականացումը:
Սպահանի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին իրենց նահանգ այցելելու համար և բարձր գնահատել Սպահանի հայ համայնքի դերը նահանգի զարգացման գործում:
Օրվա երկրորդ կեսին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սպահանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: