ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Ստավրոպոլում հայկական համարանիշով միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած վեց հայերից երկուսի վիճակը ծանր է։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն: Բոլորը ՀՀ քաղաքացի են, երկուսն արդեն դուրս են գրվել, երկուսի վիճակը համեմատաբար ծանր է»,– ասաց նա։
Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է Ստավրոպոլի երկրամասի իրավապահ մարմինների, հիվանդանոցի ղեկավարության, հայ համայնքային կառույցների հետ:
Հիշեցնենք` այսօր` փետրվարի 27-ին, առավոտյան ՌԴ Ստավրոպոլի երկրամասում միկրոավտոբուս էր շրջվել, ինչի հետևանքով տուժել էին վեց մարդ` երեք կին և երեք տղամարդ, ներառյալ վարորդը։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
ՀՀ ԱԻՆ–ի տվյալներով` վթարված ավտոմեքենան եղել է հայկական համարանիշներով։