ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Հայ ժողովրդի ռուսամետ տրամադրվածությունը ոչինչ և ոչ ոք փոխել չի կարող։ Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանը։
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Անդրեյ Կլիմովի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը միշտ էլ ռուսամետ տրամադրվածություն է ունենալու, և որևէ մեկը դա փոխել չի կարող։
«Անկախ փոփոխություններից, այն հանգամանքից` ընտրություններն արտահերթ են, թե հերթական, դրանք որևէ կերպ չեն կարող ազդել ժողովրդի տրամադրության վրա։ Բնական է, որ Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունն առաջնահերթ է, դա մեր ժողովրդի ռազմավարական մոտեցումն է», – խորհրդարանականի ասածը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական շրջանառությունն աճում է։ Մելքումյանը հիշեցրել է, որ Ռուսաստանն ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է հիմնական շուկա և հիմնական ուղղություն մնալ հայկական բիզնեսի համար։
Միևնույն ժամանակ նա հիշեցրել է նաև ապրանքաշրջանառության աճի ճանապարհին առկա գլխավոր խոչընդոտի` լոգիստիկայի մասին։
Մելքումյանի խոսքով` Երևանը գնահատում է Մոսկվայի հետ տարբեր հարթակներում համագործակցելը։
«Իհարկե մենք գնահատում ենք մեր համագործակցությունը ԱՊՀ միջխորհրդարանական գագաթնաժողովի և ՀԱՊԿ–ի շրջանակում։ Դա շատ կարևոր է», – ավելացրել է նա։
Նշենք, որ այս օրերին Մոսկվայում է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Էդմոն Մարուքյանը, Լիլիթ Մակունցը, Արման Աբովյանը և Անուշ Բեղլոյանը։
Երկուշաբթի Միրզոյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Այցի շրջանակում ՀՀ ԱԺ խոսնակը փետրվարի 27-ին ելույթ կունենա Դաշնային խորհրդի լիագումար նիստի սկզբում։