ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Փետրվարի 25-ի առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության տան 1-ին շենքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը։
«Հրդեհը բռնկվել էր վերջին հարկի աշխատասենյակներից մեկում։ Այրվել է 3 հեռախոս, սեղան, աթոռ, թղթեր և մալուխ»,– ասաց Ասիլյանը։
Նա նաև նշեց, որ հրդեհը հաջողվել է մարել տեղի ուժերով` նախքան հրշեջների ժամանելը։
Մեր զրուցակցի խոսքով՝ կրակը մարվել է, բայց դեպքի վայրը դեռ շարունակում է ծխալ։
Հիշեցնենք`առավոտյան 09:03-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Կառավարական տան 1-ին շենքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհին տրվել էր բարդության «թիվ 2» աստիճան։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատը` վեց մարտական հաշվարկ, և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: