ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը Գերմանիայում վիրահատվել է: Sputnik Արմենիային այս մասին ասաց նրա դատապաշտպան Կարեն Բատիկյանը:
«Վիրահատությունը բարեհաջող է անցել, բայց սա վիրահատության առաջին փուլն է: Կա նաև երկրորդ և երրորդ փուլը։ Վերջնական արդյունքում լեղապարկը պետք է հեռացվի»,- ասաց Բատիկյանը:
Հիշեցնենք` հունվարի 8-ին Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել էր Սամվել Մայրապետյանի անձնագիրը, բայց թույլ չէր տվել նրան հեռանալ երկրից։
Մայրապետյանի պաշտպանները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով որպես միջանկյալ միջոց պահանջել ՀՀ իշխանություններից հնարավորություն տալ իրենց պաշտպանյալին մեկնել Գերմանիա` անհետաձգելի բուժում ստանալու նպատակով, քանի որ նրա կյանքը և առողջությունը վտանգված են:
Հունվարի 17-ին ՄԻԵԴ–ը որոշել էր միջանկյալ միջոց կիրառել Մայրապետյանի գործով և ՀՀ իշխանություններին հորդորել անհետաձգելի կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների։
Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը), նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:
Դեկտեմբերի 27-ին դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Մայրապետյանին: