Ժամանակին այստեղ մի քանի հազար մարդ էր ապրում։ Պաշտոնական մարդահամարի տվյալներով` այսօր բնակիչների թիվը 300 է, իսկ իրականում` ավելի քիչ։
ԽՍՀՄ–ի տարիներին գործող ձեռնարկություններից ոչ մեկն այսօր չի աշխատում։ 2000-ականներին փորձել են վերսկսել հանքի շահագործումը։ Մի քանի տարի առաջ նոր ուսումնասիրություն են իրականացրել։ Բնակիչների խոսքով` աշխատանքներն ուզում են սկսել գարնանը։
Իսկ մինչ այդ քաղաքում ոչ մի ձեռնարկություն ու խանութ չկա։ Բնակիչները գյուղատնտեսությամբ են զբաղվում, անասուն ու մեղու են պահում, խոտաբույսեր են հավաքում։ Ամենամոտ խանութը Տոլորս գյուղում է` 12 կմ այն կողմ։ Քիչ թե շատ մեծ խանութներ կան Սիսիանում կան, բայց այնտեղ հասնելու համար էլ պետք է 20 կմ կտրել–անցնել։ Ո՛չ ավտոբուսները, ոչ՛ երթուղայինները Դաստակերտ չեն գնում։
Քաղաքի երեխաները չունեն այն, ինչ ունեն Երևանի, նույնիսկ Սիսիանի երեխաները, բայց զարմանալիորեն առատաձեռն են. նրանք իրենց անկեղծությունը բաժանում են բոլորին։