ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Հովհաննես Թումանյանի հոբելյանը Հայաստանում նշելու են ոչ միայն փետրվարի 19–ին, այլև ամբողջ տարվա ընթացքում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` Թումանյանի 150-ամյակի առթիվ թողարկված հոբելյանական նամականիշի մարման արարողության ժամանակ։
Բոլոր գալա–միջոցառումները կանցկացվեն վաղը։ Երևանում տոնելու են սկսած ժամը 11–ից, Դսեղում միջոցառումները կմեկնարկեն կեսօրին։ Իշխանությունը խոստանում է, որ ամբողջ օրը տոնական տրամադրություն է լինելու։ Լրատվամիջոցները խոսելու են Թումանյանի մասին, փողոցները կզարդարվեն Թումանյանի ու նրա կերպարների պատկերով, դրոշակներով ու պաստառներով։ Նախարարն ասաց, որ «Թումանյան 150» էջը կապահովի վարպետի ներկայությունը սոցիալական ցանցերում։
«Թումանյանը բոլորի համար էր գրում ու բոլորի համար էր ապրում, կարևոր է, որ երկրի բոլոր բնակիչները ներառված լինեն նրա 150–ամյակին նվիրված միջոցառումներում», – ասաց նախարարը։
Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանի տնօրենի պաշտոնակատար Անի Եղիազարյանն իր հերթին նշեց, որ փետրվարի 19–ին միջոցառումներն անցկացվելու են ինչպես բուն տուն–թանգարանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Թանգարանում «Թումանյանի հեքիաթային աշխարհը» կենդանի ցուցադրություն է կազմակերպվելու։ Իսկ երեկոյան կներկայացնեն շենքի պայմաններին հարմարեցված «Անուշ» օպերան։
«Երկրորդ հարկում` Թումանյանի բնակարանում, այցելուները կկարողանան հանդիպել նրա և այլ մեծն հայ գրողների հետ, սակայն թե ինչ ձևաչափով` կարելի է իմանալ միայն թանգարանն այցելելով», – ներկայացրեց Եղիազարյանը։
Եղիազարյանը տեղեկացրեց նաև, որ երկու տարվա ընթացքում հրապարակվելու է Թումանյանի ակադեմիական 10–հատորյակը։ Երկու հատորն արդեն լույս են տեսել, այնտեղ նախկինում չհրատարակված երեք բանաստեղծություն է ընդգրկված։
Նրա խոսքով, նախատեսվում է նաև արևմտահայերենով հրապարակել գրողի մոտ 50 աշխատանք Լևոն Շանթի թարգմանությամբ։
Թումանյանի ստեղծագործությունները նաև կհրապարակվեն անգլերենով, գերմաներենով, վրացերենով ու պարսկերենով։
Առաջին անգամ հրապարակվելու է հայտնի և ոչ այդքան հայտնի մարդկանց` Թումանյանին ուղղված նամակների հավաքածուն։