ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Փաստաբանը նշեց, որ ամենայն հավանականությամբ, քրեական գործից անջատվել է Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասը։
«Մանվել Գրիգորյանի տղան, գիտեք, հետախուզման մեջ է։ Կարող է` այդ մասն անջատվի հիմնական գործից։ Բայց ամեն դեպքում, հիմնական գործի քննությունն ավարտվել է»,– ասաց Մկրտչյանը։
Իսկ Գրիգորյանին առաջադրված բոլոր մեղադրանքների մասով նախաքննությունն արդեն ավարտված է։ Մկրտչյանը դեռ չգիտի` Գրիգորյանի շահերը կշարունակի ներկայացնել դատարանում, թե ոչ։
«Այնպիսի տպավորություն է, թե Մանվել Գրիգորյանին ոչ ոք չի ուզում պաշտպանել, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է։ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությամբ զբաղված են մի շարք լավ, ճանաչված փաստաբաններ, և նրանց թիվն ու մասնագիտական պատրաստվածությունն այնքան է, որ լրացուցիչ ուժերի կարիք հաստատ չկա»,– ասաց Մկրտչյանը` հավելելով, որ, եթե լ Գրիգորյանը կամ նրա հարազատները ցանկություն հայտնեն, որ նաև դատարանում ինքը ներկայացնի Մանվել Գրիգորյանի շահերը, ինքը պատրաստ է փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել նրանց հետ։
Իսկ նախաքննության փուլի վերաբերյալ պայմանագիրն ավարտվել է։
Անդրադառնալով երեկ ֆեյսբուքյան հարթակում արած իր հայտարարությանն այն մասին, որ դադարեցնում է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը` զինվորի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, Արսեն Գրիգորյանն այս կերպ մեկնաբանեց. «Մանվել Գրիգորյանը որևիցե առնչություն չունի իրեն մեղսագրվող` զինվորի սնունդը յուրացնելու մեղադրանքի հետ։ Ես Մավել Գրիգորյանի գործին ներգրավվել եմ որպես ազատամարտիկ` սեփական նախաձեռնությամբ, որպեսզի ազատամարտիկների, երկրապահ կամավորականների կասկածները փարատեմ, ինչն էլ հիմա անում եմ»։
Փաստաբանը շեշտեց, որ նույն կարծիքն ունի նաև Գրիգորյանին մեղսագրվող այլ մեղադրանքների վերաբերյալ։ Բայց գրել է հատկապես այդ մեղադրանքի մասին, քանի որ գիտի, որ հանրությանն ու հատկապես ազատամարտիկներին ու ապրիլյան պատերազմի մասնակիցներին այդ հարցն է հուզում։
Մկրտչյանը խոստանում է մյուս մեղադրանքներին անդրադառնալ առաջիկայում։
Հիշեցնենք` փետրվարի 15-ին Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով»։
Այս գրառումը հանրային հարթակում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր դարձել։ Արձագանքել էր նաև Հատուկ քննչական ծառայությունը։ ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ պաշտպանի նման հայտարարությունը բացառապես նպատակ է հետապնդում իրականությունը խեղաթյուրելով հասարակության շրջանում թյուրըմբռնում ստեղծել իր պաշտպանյալ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ոչ միայն 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից ԵԿՄ հասարակական կազմակերպությանը հանձնված պարենային ապրանքների ու հանդերձանքի յուրացման մեջ,այլ նաև դրանից առաջ և հետո (2014թ., 2015թ., 2017թ.) ԵԿՄ-ին հատկացված ապրանքանյութական արժեքներ (այդ թվում` սննդամթերք, հանդերձանք և այլն) յուրացնելու և վատնելու մեջ»։
2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան տարածքում կատարված խուզարկության արդյունքները:
2019թ–ի փետրվարի 14-ին ՀՔԾ–ն հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ավտոմեքենաներ, պահածոյացված սնունդ։