ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ԱՄՆ–ի Իլինոյս նահանգի Ավրորա քաղաքում հրաձգության հետևանքով մարդիկ են մահացել։ Այս մասին հայտնում է Associated Press–ը։
Տղամարդը (ենթադրվում է, որ նա Henry Pratt–ի աշխատակից է), կրակոցներ է արձակել ընկերության կենտրոնակայանում։
Պարզվել է, որ կրակողը 45 տարեկան Հարի Մարտինն է։ Ավրորայի ոստիկանապետ Քրիստեն Զիմանը հայտնել է, որ ահազանգը ստանալուց չորս րոպե անց ոստիկանները դեպքի վայր են հասել։
Կրակոցների հետևանքով մահացել են 5 մարդ, ոստիկանության աշխատակիցներից հինգը վնասվածքներ են ստացել։ Երկուսին տեղափոխել են վնասվածքաբանական կենտրոններ։ Կրակողը չեզոքացվել է։
2018 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ վերջին կես դարում հրազենից մահացածների ամենամեծ թիվը գրանցվել է 2017 թվականին։ Այդ տարում արձանագրվել է հրազենի կրակոցից մահանալու 39 773 դեպք, որոնցից 2/3-ը եղել են ինքնասպանության դեպքերը։