ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի –Sputnik. Փարիզի Իսի–լե–Մուլինո արվարձանում գտնվող հայկական դպրոց հաճախող երեխաների թիվն օրեցօր աճում է, իր հոդվածում գրում է ֆրանսիական Le Parisien թերթը։
Այստեղ բնակվում է Իսի–դե–Ֆրանսի թվով երկրորդ (Ալֆորվիլից հետո) հայկական համայնքը։
Տեղի հայկական դպրոց է հաճախում 105 հոգի, այն կրում է Սուրբ թարգմանիչների անունը (նկատի ունեն Աստվածաշունչը թարգմանածներին` Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին և նրանց աշակերտներին)։ Աշակերտների մեծ մասը հին հայկական համայնքից են։ Նրանք այստեղ են տեղափոխվել Առաջին Համաշխարհային պատերազմից հետո։ 5-րդ սերնդի այդ հայերի թիվն այստեղ 6-6.5 հազար է։
«Ապրիլի 24-ը հիշատակի օր ճանաչելու Ֆրանսիայի նախագահի որոշումը շատ ուրախացրեց մեզ», – ասում է հայկական քաղաքային եկեղեցու քահանա, հայր Ավետիս Բալեկյանը։
«Սա շատ կարևոր որոշում է և շատ կարևոր ազդանշան բոլոր նրանց, ովքեր մերժում են մարդկության նկատմամբ իրագործած հանցագործությունը», – ավելացրել է տեղի հայ–ֆրանսիական դպրոցի տնօրեն Ստեֆան Ասլանյանը։
Նրա պապն Իսի–լե–Մուլինո էր եկել 1923 թվականին, 10 հազար հայերի հետ, որոնց Ֆրանսիայի իշխանությունն էր բերել։
«Այստեղ 20-ականներին և 30-ականներին հայերը աշխատանքի էին տեղավորվում ծանր արդյունաբերական ձեռնարկություններում»,–, նշում է սոցիոլոգ Մարտեն Հովհաննիսյանը։ Նրանք աշխատում էին ավտոգործարաններում` «Ռենո», «Սիտրոեն», «Շոսոն» և այլ ձեռնարկություններում։ Առաջին տարիներին ապրում էին Սեն Ժերմեն կղզում, աղքատիկ, վատ կահավորում ունեցող տներում։
1930-ականներին` ճգնաժամի ժամանակ, աշխատավորներից շատերը սկսեցին զբաղվել հագուստի վաճառքով և կոշիկի վերանորոգմամբ։ Նրանք փոքրիկ արտադրամասեր և խանութներ հիմնեցին։ 1973 թվականին կառուցեցին հայկական եկեղեցին, որն այսօր 25 հազար այցելու ունի։ Եվս 5 տարի անց նույն փողոցում նրանք ավետարանական եկեղեցի կառուցեցին։
«Այստեղ իսկական հայկական թաղամաս է` եկեղեցի, մշակույթի տուն, դպրոց և ասոցիացիաներ կան։ Մենք ուրախ ենք, որ հայ համայնքը ներդաշնակորեն միահյուսվում է մեր քաղաքի կյանքին», – ասում է Իսի–լե–Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին։
Եկեղեցին և դպրոցը համայնքի ձգողական կենտրոններն են։ Այստեղ են գալիս ոչ միայն հնաբնակները, այլև նոր միգրանտները։ 80-ականներին նրանց հոսքն ուժեղացավ։ «Ես եկել եմ 1982 թվականին Թուրքիայից, իմ 3 երեխաներն այստեղ են սովորել», – ասում է 55-ամյա Երվանդ Սաբունջյանը, որը փոքր մթերային խանութ ունի։
Դպրոց են հաճախում երեխաների նոր սերունդները, նրանց ծնողները սիրում են այս փոքր, բայց հարմարավետ քաղաքը։ Այս տարի հայկական դպրոց 30%–ով ավելի երեխա է ընդունվել։ Ծնողները նրանց այստեղ են ուղարկում, որպեսզի նրանք, ֆրանսերեն իմանալով, չմոռանան նաև մայրենի լեզուն։