ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի –Sputnik. Ռուսաստանը Հայաստանին 210 քվոտա է տրամադրել երկրի առաջատար բուհերում ՀՀ քաղաքացիների անվճար ուսուցման համար։ Հայաստանցի դիմորդներին առաջարկվող տեղերի քանակը այս տարի աճել է։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Երևանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի (ԳՄՌԿ) տնօրեն Սերգեյ Ռիբինսկին։
Ուսման հայտերի և փաստաթղթերի ընդունումը Ռուսաստանում կմեկնարկի փետրվարի 18-ին և կշարունակվի մինչև մարտի 1-ը։ Այնուհետև դիմորդներին քննական շրջան է սպասվում, իսկ մարտի 20-22-ը կհրապարակվեն նախնական արդյունքները։
«Դիմորդները կարող են հայտ ներկայացնել ռուսաստանյան 500 լավագույն բուհերից մեկում», – ասաց Ռիբինսկին։
Նա ընդգծեց, որ տարեցտարի աճում է և՛ քվոտաների քանակը, և՛ ՀՀ քաղաքացիների հետաքրքրությունը ռուսական բուհերի նկատմամբ։ Օրինակ` անցած տարի հատկացվել էր 205 քվոտա, 2017 թվականին` 187, 600 հայտի դեպքում։
Դիմորդները հարցազրույց կանցնեն ԳՄՌԿ–ում, այնուհետև նրանց հետ կզրուցեն բուհերի ներկայացուցիչները։ ԳՄՌԿ–ում հարցազրույց անցկացնող հանձնաժողովի կազմում Ռուսաստանի դեսպանատան և ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցներ կլինեն։ Թեկնածուներին ընտրելիս ուշադրություն է դարձվելու դիմորդի առաջադիմությանը։ Գրավոր կլինեն մաթեմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաների քննությունները։
Նա ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիները մեծ հետաքրքրություն ունեն ստեղծագործ մասնագիտությունների նկատմամբ, շատերն ուզում են դերասան դառնալ։ Անցած տարի հանձնաժողովը հաճելիորեն զարմացած էր մնացել տաղանդավոր դիմորդների մեծ քանակից։
Ռիբինսկին նաև նշեց, որ այս տարի տեղեր են հատկացվել նաև ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությամբ դասախոսների համար։ Հայաստանի դպրոցներից կամ բուհերից շուրջ 20 մարդ կկարողանան վերապատրաստում անցնել Ռուսաստանի լավագույն բուհերում։ Վերապատրաստման ծրագիրը նախատեսված է 3-6 ամիս ժամկետով։
Ռուսաստանի լավագույն բուհերում ուսուցումն այս ծրագրով անվճար է։
ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանն իր հերթին գոհունակություն հայտնեց հանրապետությանը հատկացրած քվոտաների քանակի վերաբերյալ։
«Դիմորդները պետք է օգտագործեն այս հնարավորությունը, այնուհետև վերադառնան հայրենիք` աշխատելու ի բարօրություն երկրի տնտեսության զարգացման», –Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Պապոյանը։
Ուսանողների` բուհերում սովորելու համատեքստում նա անդրադարձավ նաև բանակում ծառայելու հարցին` հիշեցնելով, որ 2017 թվականին զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենք էր ընդունվել։ Զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու վերաբերյալ դրույթն իրականացվում է ՀՀ կառավարության ընդունված №451 որոշման համաձայն։
«Դրանում նշված է, որ դեպքերում կարելի է տարկետում ստանալ զինվորական ծառայության համար», – ասաց Պապոյանը։
Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրինագիծն ընդունվել էր 2017 թվականին, սակայն այն զանգվածային բողոքի տեղիք էր տվել։ Այնուհետև օրենքում փոփոխություններ արվեցին, որոնք թույլ կտան զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալ։
Ըստ օրենքի, տարկետում կարող են ստանալ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները, որոնք վերջին երեք տարվա ընթացքում հրապարակել են իրենց աշխատանքները միջազգային գիտական ամսագրերում կամ գիտության և կրթության ոլորտում դրամաշնորհ են ստացել։