ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացրած դիմումը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ 2–րդ նախագահի պաշտպանական խումբը։
«Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ հունվարի 18-ի դիմումին և որոշել է վարույթ ընդունել»,–ասված է հայտարարության մեջ:
Ապա` մեկնաբանվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ՍԴ ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենսդրական կարգավորումներին:
«Դիմումում բարձրացվել էր նաև վճռաբեկ վարույթում կալանքի քննության վերաբերյալ ողջամիտ ժամկետների բացակայության և այլ հարցերի վերաբերյալ հիմնախնդիրները»,–տեղեկացնում է պաշտպանական խումբը:
Գործի դատաքննությունը սկսելու օր է նշանակվել ապրիլի 9-ը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առաջին ատյանի դատարանի 18.01.2019 թ․ որոշմամբ՝ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
Դատարանի հիշյալ որոշման դեմ էլ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: