ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Լոռու մարզի գիշերային ակումբներից մեկում կրակոցներ են հնչել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ փետրվարի 12-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Արջուտ գյուղի վարչական տարածքում գործող «Ֆավորիտ» գիշերային ակումբում հնչել են կրակոցներ:
Ոստիկանները պարզել են, որ այդ օրը Վանաձորի բնակիչ, 21-ամյա Կ. Վ.-ն գիշերային ակումբում է եղել, երբ հաճախորդ, նրա ծանոթ Ջոնը «ՎԻՊ» առանձնասենյակում ժետոններ է նետել նրա ուղղությամբ ու սեռական բնույթի հայհոյանքներ տվել իրեն և այնտեղ գտնվող մարդկանց հասցեին:
Կ. Վ.-ն փորձել է սենյակից դուրս գալ, սակայն Ջոնը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել և գարեջրի շիշ նետել աղջկա ուղղությամբ: Ոստիկանները պարզել են նաև, որ երբ աղջիկը դիմել է փախուստի Ջոնը 20 րոպե փնտրել է նրան, մինչև այն պահը, երբ ակումբի ադմինիստրատոր, 50-ամյա Արթուր Հովսեփյանը նրան դուրս է հանել շենքից:
Լոռու մարզի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ջոնը Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Ջանիբեկ Մելիքյանն է, ով ոստիկանների տարված բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով ներկայացել է Գուգարքի ոստիկաններին: Փաստի առթիվ ոստիկանության Գուգարքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Վ.-ն նշված գիշերային ակումբում պարուհի է: