ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծ հայտարարություն է արել։ Նա հայտնել է, որ իրեն կաշառք են առաջարկել, որից ինքը հրաժարվել է։
«Որքան էլ զարմանալի է, բայց պետք է ասեմ՝ այո, առաջարկել են: Համաձայնե՞լ եմ, թե՞ ոչ։ Չէ, չեմ համաձայնել: Բայց ոչ թե առաջարկ է եղել, այլ ակնարկ, հետևաբար դա չէր կարող իրավաբանական հետևանք ունենալ»,-ասաց Ջանջուղազյանը։
Նա նաև հայտնեց, որ համաձայն չէ այսօր տարածում գտած մեկնաբանությանը, թե պետական համակարգում աշխատավարձերը բարձրացնելով ու պարգևատրումներ տրամադրելով հնարավոր է վերացնել կոռուպցիան ու կաշառակերությունը։
«Ամենաարդյունավետ մեխանիզմը չէ փողը կամ դրա չափը։ Կարծում եմ, որ ավելի արդյունավետ է քննարկել ընթացակարգերը, կանոնները և դրանցով զսպել ինչ–որ մեկի գայթակղությունը։ Եթե մարդը իմանա, որ կարող է մի գործարքի մեջ մտնել, որը բացահայտվող չէ, չեմ պատկերացնում, թե ինչ գումարի չափ պիտի իրեն տրվի, որ ինքը չգայթակղվի»,– ասաց նախարարը։
Ջանջուղազյանը նշեց նաև, որ կաշառքի առաջարկներն ու գայթակղությունները, որպես կանոն, երկար չեն տևում։
«Երբ առաջին մի քանի ամիսը կամ մի տարին հրաժարվում ես, արդեն էլ չեն էլ առաջարկում»,– ասաց նա։
Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ պետական համակարգում աշխատավարձերի չափն ուղիղ համեմատական է աշխատանքի արդյունավետությանն ու կոռուպցիայի հաղթահարմանը։
«Եթե պետական այն պաշտոնյան, որը պետք է զբաղվի թոշակառուի թոշակը բարձրացնելու խնդրի լուծմամբ, բավարար չափով չվարձատրվեց, արդյոք կարողանալո՞ւ է արդյունավետ գործել թոշակառուի աշխատավարձը բարձրացնելու ուղիների վերաբերյալ»,– փետրվարի 12-ին ԱԺ–ում հայտարարել է վարչապետը։
Նա բազմաթիվ անգամ հայտարարել է նաև, որ իշխանությունն արմատախիլ է անելու կոռուպցիան։