ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. 2018թ–ին Հայաստանից արտահանումների ծավալը հեղափոխական աճ է արձանագրել։ Այսօր ԱԺ–ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև ընդգծեց, որ աճը գրանցվել է հանքարդյունաբերության խոշոր ընկերությունների չաշխատելու պայմաններում։
«Օրինակ` մանածագործական իրեր` 65.8 տոկոսի արտահանման աճ ենք ունեցել, կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ` 58 տոկոսի աճ, բուսական ծագման արտադրանք` 47 տոկոսի աճ ենք ունեցել, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր` 10.3 տոկոսի աճ։ Եթե այս տեմպը մենք կարողանանք այս ոլորտներում պահել, կարող ենք արձանագրել, որ թևակոխում ենք տնտեսական հեղափոխության փուլ»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ աճը նշված ոլորտներում շարունակական կլինի, քանի որ դրանցում արդեն իսկ կան նոր ներդրումներ։
«Առաջիկայում մենք այստեղ հազարավոր աշխատատեղերի բացում ենք սպասում։ Հազարավոր աշխատատեղերի բացում ենք սպասում նաև ջերմաէլեկտրակայանի բացման գործընթացում, որի շուրջ, գիտեք, Siemens և Renco ընկերությունների հետ մենք համաձայնության եկանք»,– ասաց նա։
Վարչապետը հայտնեց նաև, որ այս պահին կառավարության գերակա հայտարարված ճյուղերում 440 մլն դոլարի ներդրումային ծրագրեր կան, որոնց իրականացումն ընթացքի մեջ է։
«Եթե այս ծրագրերի գոնե 7 տոկոսն իրականանա, էական փոփոխություն կբերի հենց 2019թ–ին»,– ասաց Փաշինյանը` չհամաձայնելով պատգամավորի այն դիտարկմանը, թե կառավարության ծրագրում չկան հստակ ցուցանիշներ` աշխատատեղերի ավելացման ու աղքատության հաղթահարման վերաբերյալ։
Հիշեցնենք` վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում է, որտեղ փետրվարի 12-ից սկսած ներկայացնում է ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը:
Ծրագիրը կառավարությունը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում և ուղարկել խորհրդարանի հաստատման։