ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայաստանում հարկային համահարթ դրույքաչափի կիրառումը կարող է սոցիալական անհավասարության ու բյուջեի մուտքերի կրճատման հանգեցնել։ Այսօր «Հարկային համակարգ, արդարություն ու տնտեսական զարգացում» միջազգային համաժողովի ժամանակ այս կարծիքը հայտնեցին փորձագետները։
2019 թվականի սեպտեմբերի 1–ից նախատեսվում է հարկման համահարթ դրույքաչափի անցնել, այսինքն՝ բոլոր չափի աշխատավարձերի դեպքում եկամտային հարկը լինի 23%։ Հարկման այս համակարգը կփոխարինի պրոգրեսիվ համակարգին, ըստ որի` եկամտի աճին զուգընթաց մեծանում է հարկի դրույքաչափը ։ Համահարթ դրույքաչափի կողմնակիցները պնդում են, որ եթե մարդիկ կարող են ավելի բարձր եկամուտ պահպանել, ապա նրանք ավելի շատ խթաններ ունեն ու մոտիվացված են աշխատում, ինչը նպաստում է երկրի տնտեսական աճին։
«Diskurs» ամսագրի խմբագիր Վահրամ Սողոմոնյանը կարծում է, որ համահարթ դրույքաչափին անցում կատարելը չի անդրադառնա հարկատուների 70%–ի վրա, հարկային բեռի որոշակի թեթևացում կզգան բարձր եկամուտ ունեցող անձինք, բայց նոր համակարգը նրանց էլ ձեռնտու չէ։
«Հնարավոր է` նրանց աշխատավարձը բարձրանա 10-20 հազար դրամով, բայց կաճեն նաև սպառողական ծախսերը», – ասաց նա։
Նրա խոսքով` քաղաքացիները պետք է հասկանան` ուր են գնում իրենց հարկերը։ Եթե պետությունը կարողանա ապահովել որակյալ կրթություն, առողջապահություն և այլն, չի բացառվում, որ քաղաքացիները նախընտրեն ավելի շատ հարկ վճարել։ Ավելին` հարկավոր է վերլուծել աշխատաշուկայի բոլոր ցուցանիշները` աշխատող քաղաքացիների թիվը, եկամուտների մակարդակը, և միայն դրանից հետո մտածել հարկման նոր համակարգ ներդնելու մասին։
«Հեղափոխությունից հետո գրանցված աշխատատեղերի թիվն ավելացել է 40 հազարով, ավելացել են նաև հարկային մուտքները, պետք է վերլուծել դա ու հետո միայն որոշել` արդյո՞ք հարկային դրույքն այն մեխանիզմն է, որը կխթանի տնտեսության զարգացումը», – ասաց Սողոմոնյանը։
Մակեդոնիայի ֆինանսների նախարար Դրագան Թևդովսկին իր հերթին ասաց, որ իրենց երկրում նման համակարգի գործածումը հանգեցրել է սոցիալական անհավասարության ու կրճատել է բյուջեի մուտքերը։ Դրանից հետո Մակեդոնիայի իշխանությունը որոշել է անցնել պրոգրեսիվ հարկման մեխանիզմին, իսկ մուտքերի աճի արդյունքում գոյացած գումարը որոշվել է ուղղել առողջապահության ու կրթության ոլորտներ։ Նա պատրաստակամություն հայտնեց փորձը փոխանակել հայ գործընկերների հետ, սակայն նշեց, որ կառավարությունը պետք է ինքը որոշի` որ ճանապարհն է ավելի ընդունելի երկրի համար։
«Համահարթ դրույքաչափի կիրառումը հարկային գործընթացների պարզեցման է հանգեցնում, նաև ավելացնում է այն մարդկանց եկամուտները, որոնք առանց դրա էլ լավ եկամուտ ունեն։ Բացի այդ, բյուջետային մուտքերի կրճատումն անդրադառնում է բոլոր քաղաքացիների վրա, հետևաբար մանրակրկիտ վերլուծություն է հարկավոր», – ասաց նախարարը։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ Հայաստանում հարկ վճարողների ընդհանուր թվաքանակի 65 տոկոսն ամսական կտրվածքով ստանում է մինչև 150 000 դրամ եկամուտ: Գոնե այդպես հայտարարագրվում է: Ընդ որում, այս խումբը ստանում է ընդհանուր եկամուտների ընդամենը 32 տոկոսը: Հաջորդ եկամտային խումբը՝ 150 000 դրամից մինչև 2 մլն դրամ՝ շուրջ 33 տոկոս հարկ վճարողները գտնվում են այն խմբում, որոնք ստանում են ընդհանուր եկամուտների շուրջ 60-61 տոկոսը: Եվ ընդամենը հարկ վճարողների 2.5-3 տոկոսն է, որ հատում է 2 մլն դրամի սահմանագիծը: Փոխնախարարը այս ցուցանիշը համարեց ազդակ, որ պրոգրեսիվ համակարգի կիրառությունն առաջացնում է որոշակի խնդիրներ:
«Բացի այդ, հիմա մեր եկամտահարկը բարձր է, ինչն անդրադառնում է արտահանվող ապրանքի գնի ու մեր տնտեսության մրցունակության վրա։ Այդ պատճառով արտահանմանն ուղղված ոլորտները 2,5-3 անգամ ավելի քիչ եկամուտ են բերում, քան ներքին սպառման ուղղվածները, իսկ դա չի խթանում երկարաժամկետ ներդրումներն ու տնտեսական աճը», – պարզաբանեց փոխնախարարը։
Հայաստանում Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 2019 թ. սեպտեմբերից անցում կատարել համահարթ եկամտահարկի՝ 23 տոկոսի: Դրանից հետո՝ 2020- 2023 թթ. այն աստիճանաբար նվազելու է՝ հասնելով 20 տոկոսի: Նախագիծը դեռ հանրային քննարկման փուլում է: Նոր կարգավորումներին անցնելու դեպքում 2019 թվականին պետբյուջեի հարկային կորուստները գնահատվում են 27,5 միլիարդ դրամ։