ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքի Staples Center-ում ավարտվեց «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 61-րդ արարողությունը։
Տարվա երգ ճանաչվեց Չայլդիշ Գամբինոյի (Դոնալդ Գլովեր) This Is America ստեղծագործությունը: Նա արձանիկներ ստացավ նաև «լավագույն տեսահոլովակ», «լավագույն ռեփ–կատարում» և «Տարվա ձայնագրություն» անվանակարգերում։
Լեդի Գագան նույնպես երեք արձանիկի արժանացավ։ Նա «Joanne» երգի համար հաղթեց «Լավագույն սոլո փոփ–կատարում» անվանակարգում, ևս երկուսն էլ ստացավ «Լավագույն դուետային կատարում» և «Կինոյի և հեռուստատեսության համար երգ» անվանակարգերում Բրեդլի Քուպերի հետ ձայնագրած Shallow ստեղծագործության համար։
«Տարվա ալբոմ» անվանակարգում հաղթեց քանթրի ոճի երգչուհի Քեյսի Մասգրեյվսը՝ Golden Hour ալբոմով:
Լավագույն սկսնակ արտիստ ճանաչվեց Դուա Լիպան:
«Լավագույն փոփ վոկալային ալբոմ» անվանակարգում հաղթեց Արիանա Գրանդեն՝ Sweetener ալբոմով:
Լավագույն ռոք ալբոմ ճանաչվեց Գրետա Վան Ֆլիթի From the Fires-ը:
«Լավագույն ռոք կատարում» անվանակարգում հաղթեց Քրիս Քորնելի When Bad Does Good երգը:
«Լավագույն ռոք երգ» անվանակարգում հաղթեց St Vincent-ի Masseduction-ը:
Տարվա պրոդյուսեր ճանաչվեց Ֆարել Ուիլյամսը:
Նշենք, որ այս տարի «Գրեմմիի» «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրված էր նաև Օպերայի թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը՝ Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությամբ։ Այդ անվանակարգում հաղթեց դիրիժոր Մայքլ Քրիստին՝ «Սթիվ Ջոբսի հեղափոխությունը» ձայնագրությամբ: