ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն, որպեսզի ճշտի, թե ինչի պատճառով է Ամանորին բանակում պայմանագրային զինծառայող մահացել և ինչու է այդ փաստը գաղտնի պահվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Նախկին պրակտիկայից ելնելով և հանրության արձագանքից դատելով` ուզում ենք հասկանալ, թե որոնք են պատճառները»,- ասաց Արման Թաթոյանը:
Այսօր ԱԺ-ում խնդրին անդրադարձել է նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա նշել էր, որ իրենց հանձնաժողովը հարցն անպայման կուսումնասիրի ու կհասկանան, թե ինչ մեխանիզմների բացակայությունն է եղել պատճառը, որ դեպքից միայն մեկ ամիս անց է հայտնի դարձել զինծառայողի մահը:
Նշենք, որ օրեր առաջ ԶԼՄ–ներում տեղեկություն հայտնվեց, որ Ամանորի օրերին պայմանագրային զինծառայող է զոհվել, սակայն ՊՆ-ն թաքցրել է փաստը: