Մեկ–երկու տարի առաջ հայտնվել է հին պիտակների ցուցահանդեսում։ Հետաքրքիր ցուցադրություն էր։ Բազում թղթերի մեջ առանձնանում էին կոնյակ արտադրող ու բարերար Դավիթ Սարաջիշվիլու և գինեգործ Մաքսիմ Անանովի (իսկական ազգանունը` Հովնանյան) պիտակները։ Օրերս ինչ–որ կայքում նորից հանդիպեցի այդ հայտնի Անանովին։
Միանգամից գնացի Մաքսիմ Անանովի տունը փնտրելու։ Փնտրածս առանձնատունը հին ընկերոջս` Անդրեյ Տունեբեգովին պատկանող տան հարևանությամբ էր։
Գործարար Անանովի տունը բազում գաղտնիքներ ունի։ Դրանում համոզվում ես ներս մտնելուց անմիջապես հետո։
Սկզբում մտա բակ, շրջեցի ու լուսանկարեցի։ Հետո վերադարձա գլխավոր մուտքի մոտ։ Բաց էր, ներս սողոսկեցի։
Առաջին հարկի պատերը ձանձրալի շագանակագույն են։ Նույն գույնն ունեն նաև դիմացի տան պատերը։ Միանգամից երևում է` «սրտացավ» ձեռքն է ներկով փակել գեղեցկությունը։ Բայց մի տարբերություն կա` Տունեբեգովի տան պատերն ավելի լավ վիճակում են։
Անկեղծ ասած, ինտերիերի հարդարանքը շփոթեցնում է։ Մտքովդ չի անցնում, որ վերևի հարկում բոլորովին այլ, շքեղ տեսարան է։
Աստիճանների առաջին շարքը հաղթահարելուց հետո հայտնվում եմ հենց այդ շքեղության մեջ։ Գեղեցկությունն ամենուր է։ Հանգիստ է, անհոգ ու հաճելի։ Կաղնու փայտից պատրաստված կլոր սեղանն է պակասում ու դարչինով խնձորի թխվածքը։ Մեկ էլ` ֆրանսիական Կաբերնեի շիշը։ Նման առանձնատան տիրոջ սեղանին անպայման պետք է գինի լինի։ Թե չէ էլ ի՞նչ գինեգործ։
Հայտնի գինեգործի գործարանները Իմերեթում են եղել։ Անանովը գինի, շամպայն ու կոնյակ է արտադրել։ Խաղողը գնել է գյուղացիներից, թեև սեփական խաղողի այգիներն է ունեցել։ Առաջին այգին տնկել է XIX դարի վերջին։ Վրացական ու եվրոպական տեսակներ է տնկել։ Իսկ XX դարի սկզբին զուտ ֆրանսիական տեսակներ է աճեցրել։
Ավելի ուշ` 1914 թվականին, հիմնվել է ամենախոշոր այգին։ Անանովի ընկերության տարածքները կառուցել են ֆրանսիացի ու իտալացի մասնագետները։ Գործարանը մեծ մառաններ է ունեցել։
Անանովի գործարանի արտադրած ալկոհոլային խմիչքները հայտնի են եղել նաև դրսում։ Այդ ժամանակաշրջանում հայտնի բոլոր խոշոր գործարարների պես Անանովը նույնպես զբաղվել է բարեգործությամբ։ Հենց նրա գումարով է 1905 թվականին Օզյորովի նախագծով կառուցվել օրիորդաց 3-րդ գիմնազիան, որն ավելի ուշ կոչվել է 66–րդ դպրոց, իսկ այսօր 4–րդ դպրոցն է, որը «Հոգվարտս» են կոչում։ Գողտրիկ ճարտարապետությունը շատ է նման հեքիաթային դպրոցին։
... Քայլեր եմ լսում։ Աստիճանով երկու մարդիկ են իջնում։ Հարցնում եմ` այստե՞ղ եք ապրում։ Երիտասարդներից մեկը շրջվու է մյուսի կողմ. «Քեզ են հարցնում, Գեորգի»։
–Ընկերոջս ճանապարհեմ, գամ ու խոսենք, հա՞,– ժպիտով պատասխանում է Գեորգին։ Վերադառնում է հինգ րոպեից։
—Այս տանն աշխատում եմ։ Արդեն երկրորդ տարին է։ Երրորդ հարկում արվեստանոց ունեմ, նկարիչ եմ, – բացատրում է Գեորգին։
Քայլելով հասնում ենք երրորդ հարկ։
Գեորգին ապրում է Սոլոլակում։ Գրիբոյեդովի փողոցում գտնվող տունն էլ որոշել է արվեստանոց դարձնել, ասում է` այստեղ յուրահատուկ էներգետիկա կա։ Բարձր առաստաղներ, ընդարձակ սենյակներ, երկփեղկ փայտե դռներ, թերևս սրանք հին տներին բնորոշ առանձնահատկություններ են, բայց Գրիգորիի խոսքով` հին տներում մեկ այլ բան կա։
—Նման առաստաղները վեհ զգացողությունների են ծնում։ Ճարտարապետության մեջ ի սկզբանե արևային ուժ է դրված։ Ժամանակակից ճարտարապետությունը կրկնում է մարդու հոգեվիճակը։ Տուն ես մտնում, ու բետոնե պատերից տրտմություն է թափվում։ Իսկ այսպիսի տները յուրահատուկ էներգետիկա ունեն... Զգայուն հայացքը նկատում է դա։ Մի խելացի մարդ ասել է, որ ցանկացած ստեղծագործություն 50 տարի անց միստիկ բնույթ է ստանում։ Այդպես էլ կա. այդ ժամանակի ընթացքում (լինի արվեստի գործ, թե ճարտարապետական ստեղծագործություն) այն գոյատևում է աշխարհի հետ ու դառնում դրա մի մասը։
Մի քանի րոպե անց Գրիգորիի կինն ու երկու տարեկան որդին արվեստանոց են մտնում, ու ես հրաժեշտ եմ տալիս նրանց։ Միջանցք եմ դուրս գալիս, տեսնում եմ զբոսաշրջիկների խմբին։ Զբոսավարը ցավով ասում է, որ այս տունը նույնիսկ մշակութային ժառանգության ցանկում ներառված չէ։ Իսկ ճեղքերից կարելի է նկատել, որ վերանորոգման կարիք վաղուց ունի։ Թեև քաղաքի պատմական շենքերի մեծ մասը լուռ սպասում են իրենց դատավճռին` ապագայում լինե՞լ, թե՞ չլինել...