ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Երևանում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով երեկ երեկոյան բերման են ենթարկվել 8 անձ, որոնցից 4-ին ձերբակալել են: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ձերբակալվածներից երկուսը եղբայրներ են:
Նրանցից մեկին պատկանող Տոյոտա Քեմրի մակնիշի ավտոմեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է «ԱԿՄ տեսակի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ `լիցքավորված 27 փամփուշտներով, «ՊՄ տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտներով, «ՊՄ տեսակի ատրճանակից կրակ արձակելու համա րնախատեսված`գործարանային տուփով 9 մմ տրամաչափի 18 փամփուշտներ, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 1 փամփուշտ, կաթոցիչի մեջ լցված դեղնականաչավուն զանգված:
Ձերբակալված Ա.Գ.-ի անձնական խուզարկության ժամանակ վերարկուի գրպանից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված 2 պարկուճ, 2 կաթոցիչ` մուգ շագանակագույն հեղուկով։
Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ 2019 թվականի հունվարի 21-ին տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Երևան քաղաքի 1985 և 1977 թվականին ծնված բնակիչներ:
Նախապատրաստվող նյութերի ընթացքում տեղեկություններ էին ստացվել, որ 2019թ. հունվարի 20-ին՝ ժամը 23-ի սահմանում, մի խումբ անհայտ անձինք, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել էր Երևան քաղաքի 1985 և 1977 թվականին ծնված բնակիչների նկատմամբ բռնություն գործադրելով, ակումբի գույքը վնասելով և որպես զենք հանդիսացող սուր կտրող-ծակող գործիք, ատրճանակ գործադրելով:
Նախաքննական մարմինը տվյալներ է ստացել, որ Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդ ակումբում տեղի ունեցած միջադեպին մասնակիցները «հաշիվ պահանջելու» և վրեժխնդիր լինելու նպատակով պարզաբանումներ կատարելու համար պայմանավորվել են հանդիպել 2019 թվականի փետրվարի 8-ին:
Հետագա հնարավոր ծանր և առանձնապես ծանր հանցագործություները կանխելու համար որոշվել է վնասազերծել կողմերին և բերման ենթարկել:
Քրեական գործի շրջանակներում կատարվել են 15-ից ավել խուզարկություններ:
Նախաքննությունը շարունակվում է: