ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր «Վեոլիա ջուր» ընկերությանը 10 միլիոն դրամով տուգանեց գործունեության ընթացքում թույլ տված խախտումների, մասնավորապես ջրի միացումն ուշացնելու համար։
Որոշումն ընդունվեց խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնները խախտելու համար։
«Սպառողների խորհրդատվությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը, որը ներկա էր նիստին, նշեց, որ ընկերությունը նման խախտման համար առաջին անգամ է տուգանվում։
«Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ են նման հարցեր ծագում», – ասաց Չիլինգարյանը։
«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ տեխնիկական որոշակի հարցեր և խնդիրներ կան կապալառուների հետ։
ՀԾՀԿ–ն «Վեոլիա ջուր» ընկերությանն արդեն տուգանել էր 20 միլիոն դրամով չափից բարձր գնով ավելի քան 30 հազար ջրաչափ գնելու և տեղադրելու համար։
Հիշեցնենք, որ 2017թ–ից «Վեոլիան» կառավարում է Երևանում և այլ մարզերում ջրամատակարարման ցանցը։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 15 տարով։