ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Երևանում քաղաքացիները կանխել են մոտ 30 տարեկան երիտասարդի ինքնասպանության փորձը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, փետրվարի 5-ին, ժամը 16:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի Դավթաշեն կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Ա.-ի (մոտ 30 տարեկան տղամարդ) ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների ուժերով: