ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ՊԵԿ նախագահից հետո որոշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հրավիրել «նա կավյոր»՝ բացատրություններ պահանջելու։Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը թերթին ասել է, որ Ջանջուղազյանին հրավիրել են՝ պարզաբանումներ ներկայացնելու ոչ միայն պարգևատրումների մասով, այլ նաև Հարկային օրենսգրքի։
Ըստ պարբերականի` չի բացառվում, որ հաջորդ շաբաթ օրը նրանք դարձյալ փակ նիստ հրավիրեն՝ անցյալ շաբաթ օրվա նման, որին ներկա գտնվեն դարձյալ վարչապետն ու կառավարության անդամները։
«Չեմ բացառում, որ շաբաթ օրը մենք էլի ունենանք քննարկում, որովհետև վարչապետի խիտ գրաֆիկի մեջ դա երևի միակ օրն է, կամ, ասենք, ուշ ժամի՝ գուցե 9-ին հնարավոր լինի հանդիպել։ Մինչդեռ էսպիսի հանդիպումները կարևոր են նաև մեզ համար՝ հասկանալու ներքին տարբեր օրակարգեր»,- ասել է Աբրահամյանը։
Հիշեցնենք` անցած շաբաթ «Իմ քայլը» խմբակցությունն Ազգային ժողովում փակ նիստ էր անցկացրել, որին ներկա էին եղել նաև կառավարության անդամներն ու մարզպետները։