ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. 2019 թվականի հունվարին Հայաստան է բերվել ռուսական «Տրանսմաշհոլդինգ» ընկերության արտադրության ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Համապատասխան տեխնիկական աշխատանքից հետո էլեկտրագնացքը սկսելու է սպասարկել ուղևորներին այս տարվա առաջին եռամսյակում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այն աշխատելու է էքսպրեսի ձևաչափով Երևան-Գյումրի-Երևան երթուղում, որտեղ արդեն իսկ գործում է նմանատիպ նոր էլեկտրագնացքը: Երկրորդ գնացքի գործարկումը թույլ է տալու ավելացնել ուղերթի հաճախականությունը:
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի, «ՌԵ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի 2018 թվականի նոյեմբերին կայացած հանդիպման ժամանակ:
Նոր էլեկտրագնացքը նույնպես հարմարեցված է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ուղևորների համար, վագոններում գործում են օդափոխման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Բացի այդ, ՀԿԵ ուղևորների առաջարկությունների հիման վրա արտադրող ընկերությունը լրամշակել է էլեկտրագնացքի որոշ չափանիշները:
2018 թվականին ՀԿԵ շարժակազմի արդիականացման ներդրումային ծրագրի շրջանակում գնվել էր 2 նոր էլեկտրագնացք և 40 նոր կիսավագոն: Կիսավագոններն այժմ շահագործվում են պղնձի խտանյութի արտահանման համար:
Միայն 2018 թվականին ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված «Հարավկովկասյան երկաթուղու» ներդրումները կազմել են $5,6 մլն, իսկ շարժակազմի արդիականացմանը՝ $6,6 մլն: ՀԿԵ 10-ամյա գործունեության արդյունքներով շարժակազմին հատկացված ներդրումները գերազանցել են $60 մլն:
Նշենք, որ 2018 թվականին ՀԿԵ-ի ուղևորափոխադրումներն աճել են 5%-ով (ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումների ծավալի կրճատման ֆոնին): Երկաթուղին փոխադրել է 385 հազար ուղևոր, որից 64 հազարը՝ միջազգային հաղորդակցությունում: Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրվել է ավելի քան 53 հազար ուղևոր, ինչը վերջին 10 տարիների ռեկորդային ցուցանիշ է: Նույնպես ռեկորդային 203 հազար ուղևոր տեղափոխվել է նաև Երևան-Գյումրի-Երևան երթուղով:
Գնացքների արագությունների ավելացման (ուղևորության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե) և գների մատչելիության (2500 դրամ) շնորհիվ 2018 թվականի մարտից շահագործվող Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսը մեծ պահանջարկ է վայելում քաղաքացիների շրջանում: Էքսպրեսի ուղևորների թիվը 2018-ին կազմել է 14 հազար:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: