ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Տավուշի մարզի Չինչին գյուղում հրդեհի հետևանքով սատկել են 25 խոշոր եղջերավոր անասուն ու 5 հորթ։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր` փետրվարի 2-ին։
Ժամը 11։20-ի սահմանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկել Չինչին գյուղի անասնաֆերմաներից մեկում։
Մինչ կժամանեին Տավուշի հրշեջ-փրկարարները՝ 3 մարտական հաշվարկով, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել գյուղացիները։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ անասնաֆերման պատկանում է նույն գյուղի բնակիչ Ավետիք Ադամյանին։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո։
Ոստիկանությունը պարզում է նաև վնասի չափը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը էլեկտրալարերն են եղել։