ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանի կառավարությունը մտադիր է փակել Դանիայում Հայաստանի դեսպանատունը և այն միավորել Շվեդիայի դեսպանատան հետ: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Համապատասխան աշխատանքներ են տարվում դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ այդ թվում նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալացման միջոցով: Այդպիսի օրինակ է Դանիայում ՀՀ դեսպանության միավորումը Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ, որը Ստոկհոլմից ապահովելու է ՀՀ ներկայացվածությունը տվյալ տարածաշրջանում»,– ասաց նա:
Նաղդալյանի խոսքով` դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով այլ քայլեր ևս նախատեսվելու են, որոնք ընդգրկելու են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնումը:
Տեղեկություններ կան, որ միավորված դեսպանատունը ղեկավարի Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: ԱԳՆ–ն այս տեղեկությունը չի հաստատում։ Արզումանյանը ՀՀ արտգործնախարարն է եղել 1996-1998 թվականներին։