ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) նոր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը տնօրենի պաշտոնում առաջադրված թվով 20 թեկնածուներից բանավոր ստացած հարցադրումների պատասխաններով՝ նախապատվությունը տվել է «Շարմ» ընկերության նախագահ, պրոդյուսեր Կարեն Ղազարյանին՝ Կազարևիչին։ Այս մասին տեղեկանում ենք Facebook-ում Ղազարյանի կատարած գրառումից:
«Շնորհակալություն հանձաժողովի նախագահին և հանձնաժողովի անդամներին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը վստահելու համար: Իմ աշխատանքով և նվիրվածությամբ կծառայեմ ՄՀՀ-ի հետագա զարգացմանը և հանրահռչակմանը»,- գրել է «Շարմ» ընկերության նախագահը:
Մրցութային հանձնաժողովի ղեկավարն էր ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը, որը «Իմ քայլը» դաշինքի կողմից ԱԺ պատգամավոր, հետագայում՝ ԱԺ փոխնախագահ ընտրված Լենա Նազարյանի ամուսինն է։
Հանձնաժողովի 7 անդամներից մեկը Բաբայանի տեղակալն էր, մյուսը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վարագ Սիսեռյանը, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և ոլորտի մասնագետներ։